«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ԵՐԲ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՁԵՌՔՆ ԸՆԿԱՎ ՄԱԳԵԼԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՐՔԸ, ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՈՐՈՇԵՑ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

ԵՐԲ ՊԱՏԱՀԱԲԱՐ ՁԵՌՔՆ ԸՆԿԱՎ ՄԱԳԵԼԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՐՔԸ, ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՈՐՈՇԵՑ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ
08.12.2009 | 00:00

Աստծո անցած յոթ օրում Հայաստանը, ոմանց կարծիքով, շահեց, ոմանց կարծիքով` կորցրեց, ժամանակը ցույց կտա իրական պատկերը:
Թուրքիայի վարչապետ ՌեջեբԹաիփ Էրդողանն ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ինքն ամենասկզբում ամերիկացիներին զգուշացրել է` եթե չկարգավորեք ղարաբաղյան խնդիրը, չեք կարգավորի թուրք-հայկական հարաբերությունները: Նա կարծում է, որ ավելի շատ ջանքեր կարող են գործադրել միջնորդ երկրները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, և հարցը կլուծվի: Համենայն դեպս, ըստ նրա, Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը խոստացել են արագացնել կարգավորման գործընթացը:
Հորդանանում գտնվող Աբդուլլահ Գյուլը El Rai թերթին տված հարցազրույցում կարևորել է տարածաշրջանի բոլոր հատվածներում խաղաղություն ապահովելը և մանրամասնել. «Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծենք առանց դիմելու Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի նման մեծ տերությունների: Չպետք է մոռանանք, որ մենք ենք տարածաշրջանի տերերը»: Թուրքիան, ըստ Գյուլի, Մերձավոր Արևելքի մաս է և տարածաշրջանի հետ շաղկապված է պատմամշակութային կապերով, կարող է աջակցել մերձավորարևելյան խնդիրների լուծմանը: Թուրքիան պատրաստ է Մերձավոր Արևելքում համընդգրկուն խաղաղություն ապահովելու և համարում է, որ պաղեստինցիներն էլ անկախ պետականության իրավունք ունեն: Հետաքրքիր է` միայն պաղեստինցինե՞րը, թե՞ էլի կան ժողովուրդներ նման իրավունքի արժանի:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն օրենսդրական նախաձեռնությամբ փորձում են լրացում կատարել տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում. առաջարկվում է ապրիլի 24-ը նշել նաև իբրև հայրենազրկման դատապարտման օր: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դեմ է, դեմ է նաև կառավարությունը: Պարզվում է` նրանք պահպանում են ՀԽՍՀ ԳԽ օրենքները. 1988 թ. նոյեմբերի 22-ին ԳԽ-ն օրենք է ընդունել, որով Ապրիլի 24-ը հայտարարվել է Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքն էլ հիմք է ընդունել 88-ի օրենքը: Այսինքն` եթե երբևէ ինչ-որ բան կիսատ կամ թերի, կամ անավարտ, կամ սխալ է եղել, հետագայում այդ հիմքի վրա պիտի կառուցվի մնացածը, ուղղել պետք չէ: Հարկավ, ԱԺ-ն, ինչպես և կառավարությունը, չի կասկածում հայրենազրկման փաստին, բայց նրանց կաշկանդում է քաղաքական նպատակահարմարության հարցը, չէ՞ որ մենք միշտ մեկից վախեցած ենք։
Թուրքիայի պետական նախարար Էգեմեն Բախիշը Եվրախորհրդարանի արտասահմանյան հարցերով հանձնաժողովի նիստում ասել է. «Թուրքիան առաջին երկիրն էր, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց երբ Հայաստանը ներխուժեց Ղարաբաղ, մենք հարկադրված էինք փակել սահմանները»: Իհարկե, Բախիշին դավաճանում է հիշողությունը, Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ռումինիան, և հետո` շատ մեծ հարց է Հայաստանի Ղարաբաղ ներխուժումը: Թեպետ շատ ժամանակ չի անցել, բայց ինչո՞ւ, ո՞վ և ո՞ւր է իրականում ներխուժել, արդեն սկսել են «մոռանալ»: Էգեմեն Բախիշը, սակայն, չի մոռանում, որ ադրբեջանցիներն իրենց եղբայրներն են և դժվար է նորմալացնել Թուրքիայի ու Հայաստանի ժողովուրդների հարաբերությունները առանց Ղարաբաղի հարցի լուծման: Թեպետ Թուրքիայի վարչապետը պաշտպանում է արձանագրությունների վավերացումը, բայց Բախիշը կոշտ քննարկումներ է սպասում խորհրդարանում:
Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարության բանակցությունների ակտիվացումը նկատի առնելով` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը արդեն հաջորդ տարի դրական արդյունքներ է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Գուցե դա էլ նրա ոսկին է` հնարավորության տեսքով, որի մասին նշում է 2008-ից:
ԵՎրամիությունն ու ԱՄՆ-ը մտադիր են կայունացնել իրավիճակն ամբողջ Հարավային Կովկասում և, չբավարարվելով միայն Վրաստանի հետ սերտ կապերով, առավել գործընկերային հարաբերություններ հաստատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ, կարծում է Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդի «Ռուսաստան-Եվրասիա» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռարը: «Եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն իսկապես մտադիր են տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցություն ունենալ, ղարաբաղյան հարցում չեն կարող սատարել կողմերից միայն մեկին: Ես համոզված եմ, որ նախ` հայերին կներկայացնեն Ադրբեջանի գրաված տարածքները վերադարձնելու վերջնագիր: Դա նույնիսկ հարց չի հարուցում: Երևանն ինքն էլ է գիտակցում, որ անհրաժեշտ է վերադարձնել այդ հողերը»,- ասել է նա:
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը պետք է ընթանա առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում: Առաջիկա ամիսներին մենք շարունակելու ենք եռանդուն աջակցել հարաբերությունների կարգավորման ջանքերին»,- պատասխան նամակում Ամերիկայի հայկական համագումարին գրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 20-ին: «Ես հավատում եմ, որ հայ և թուրք ժողովուրդները պետք է ճանաչեն անցյալի իրողությունները, որպեսզի առաջ շարժվելու նրանց ջանքերը հաջողությամբ պսակվեն»,- կարծում է Օբաման` առանց մանրամասնելու, թե հայ ժողովուրդը անցյալի ո՛ր իրողությունը պետք է ճանաչի:
Դեկտեմբերի 1-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնեց Հարավային Կորեա: Նրա մանկությանը լավատեղյակ մարդիկ ասում են, որ դպրոցում գիրք չէր կարդում և այն գրքերը, որոնց հրաժեշտ են տալիս սովորաբար մանկապատանեկան տարիքում, նա հիմա է ձեռքն առնում` հարկադրում են թոռները: Լավ է մի անգամ տեսնել, քան տասն անգամ կարդալ։ Այս ճշմարտությունը հիշելով, երբ պատահաբար ձեռքն ընկավ Մագելանի ճանապարհորդության մասին գիրքը, Հովիկ Աբրահամյանը որոշեց ամրապնդել հայ-կորեական կապերը: Ցավոք, ժամանակին նաև աշխարհագրության դասերից էր փախել ու գիտեր, թե Կորեան Հայաստանի այն հարևաններից է, որոնց հետ ևս դիվանագիտական կապեր չունենք, ու գնաց հաստատելու: Նրան խրախուսում էր մանկուց Կորեան երազներում տեսնող ու անպատեհ պահի վեր թռչող նախկին դեսպան, նախկին արտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Այցի արդյունքում «կորեական կողմը տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանի խորհրդարանին և նիստերի դահլիճը նոր տեխնիկայով կվերազինի»: Ի՜նչ նվաճում ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև նիստերի դահլիճն անվանակոչելու հովանավորի անունով:
Դեկտեմբերի 1-ին Աթենքում գումարվեց ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանը, որին մասնակցեցին 56 երկրների արտաքին գործերի նախարարների, փոխնախարարների գլխավորած, միջազգային, ոչ կառավարական կազմակերպությունների, ԵԱՀԿ քարտուղարության և տարբեր ինստիտուտների պատվիրակություններ: Տարեկան հավաքի նպատակն էր ամփոփել հունական նախագահությամբ կատարված աշխատանքները, նախանշել գործունեության նոր ուղղությունները: 2010 թ. հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Ղազախստանը: Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդն ընդունեց ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն. «Մենք ողջունում ենք Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների` Լավրովի, Քուշների և պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությունը:
Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել բանակցությունների դրական դինամիկան և ամբողջապես աջակցում ենք նրանց հանձնառությանը` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցմանը, որպեսզի առանց հապաղման և բարի կամքով սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակումը: Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես` Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Մենք համոզված ենք, որ այսօր ստեղծվել է իրական հնարավորություն` ամբողջ տարածաշրջանում կառուցելու խաղաղ, կայուն և բարգավաճ ապագա»:
ՀԱԿ-ի հայտարարությունն արձանագրեց. «Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես իր համաձայնությունն է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Տվյալ դեպքում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ներառումը կարգավորման սկզբունքների մեջ որևէ կերպ չի մեղմում կամ փոխհատուցում Հայաստանի արձանագրած նահանջը: Տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակյա կիրառումը նշանակում է, որ ինչքան էլ բարձր ինքնակառավարման կարգավիճակ ընտրվի ԼՂ համար, միևնույն է, իրագործվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, այսինքն` Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմելու: Այսպիսով, Հայաստանը համաձայնել է ղարաբաղյան խնդրի մի կարգավորման, որով փակվում է ԼՂՀ երբևէ միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր դառնալու որևէ հեռանկար»: Հայտարարությունը նաև հիշեցնում է, որ 1992 թվականից Հայաստանը միշտ օգտագործել է վետոյի իրավունքը` միջազգային փաստաթղթերում թույլ չտալու որևէ դրույթ կամ արտահայտություն, որը Ղարաբաղի խնդրի կարգավորումը կկապեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: 1996 թ. ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո կիրառեց` հակառակ բոլոր ճնշումների և ԵԱՀԿ մյուս երկրների դիրքորոշումների: «Նույն պայմաններում այդ հնարավորությունն ուներ նաև այս իշխանությունը, որն այդ իրավունքից չօգտվեց»: Ինչո՞ւ: Ինչպե՞ս: Հետո՞: Այս երեք հարցերի պատասխաններն այնքան ակնհայտ են, այնքան ակնհայտ են քաղաքական բոլոր ուժերի մեկնաբանությունները, որ նույնիսկ ձանձրալի է: Առաջին քայլն արվեց, առաջին այն քայլը, որին անխուսափելիորեն հետևելու են մյուս քայլերը` ստեղծվեց փաստաթղթային նախադեպ, որտեղ Հայաստանն ընդունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...
Հետևությունները թող յուրաքանչյուրն իր համար անձամբ անի:
Հնչեց գարնան վերջին` 18-րդ ակնթարթը: 82 տարեկանում վախճանվեց Վյաչեսլավ Տիխոնովը: «Երիտասարդ գվարդիա», «Կապրենք մինչև երկուշաբթի», «Պատերազմ և խաղաղություն», «Արևահարվածները» և, իհարկե, «Գարնան 17 ակնթարթը», հիսունից ավելի դերեր կինոյում կպատմեն նրա մասին, ով դարձավ բոլոր ժամանակների հետախույզների խորհրդանիշ մի քանի սերնդի համար` ընդամենը մի բառով` Շտիռլից:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2053

Մեկնաբանություններ